Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի


Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էլ էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ:  Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա  նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն չպատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստքնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞:

Ես կցանկանայի լինել Ջակոմոյի նման, որովհետև այդ ժամանակ կկարողանայի երեխաներին սովորեցնել սուտ չխոսել ևմիայն  բարի մտքեր ունենալ։

  1. Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Պատկերասրահ» բաժնում:

Հեքիաթից մի փոքրիկ հատվածի մասին ֆիլմ եմ պատրաստել, որն կարելի է տեսնել այստեղ

  1. «Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ:

թափանցիկ վարչապետ, թափանցիկ դուռ, թափանցիկ արև, թափանցիկ ինքնաթիռ, թափանցիկ ընտանիք, թափանցիկ դպրոց, թափանցիկ ուսուցիչ, թափանցիկ ոստիկան։

  1. Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները: Եթե չգիտես տառերը գունավորել, ապա նայի՛ր այս տեսանյութը:
  2. Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ:Նա էլ մարմին ու արյուն ուներ։ /  Նա ուներ։Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց։  /  Ընկերը վստահեցԺողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը։ / Ժողովուրդը կրկնում էր։
  3. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը:

ծնվել, տեսնել, ունենալ, ընկնել, փշրվել, գոյանալ, տեսնել, շարժվել, բաբախել, պատկերացնել, երևալ, կարդալ, անցնել, դառնալ, լողալ, փայլփլել, ասել, տեսնել, բոցավառվել, ուղղել, խոսել, հալվել, անհետանալ, չասել, վստահել, տեսնել, սկսել, պտտվել, անցնել, մեծանալ, դարնալ,  կարողանալ, կարդալ, չպատասխանել, երևալ, դնել,  կոչել, սիրել, դառնալ, ընկնել, ճնշել, կարողանալ, բողոքել, հրամայել, ենթարկել, հանել, լռել, համբերել, վախենալ, լինել, չասել, երևալ, տեսնել, բարկանալ, ատել, կրկնել, հուսադրվել, իմանալ, հրամայել, բռնել, գցել, պատահել, փակվել, դարնալ, անցնել, տեսնել, նստել, լուսավորել,  հրամայել, փակել, չխանգարել, չկարողանալ, քնել, շղթայել։

 

 

 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started