Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։ 1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը բարձրացնելու համար կառուցվել են Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատարները։ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
