
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:
Առաջադրանքներ
- Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։
- Մուրհակ – դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտագիր:
- Ֆարս
- քիրմանի շալ ֊ բրդի նուրբ գործվածք (Իրանի Քիրման քաղաքի անունից, որ հռչակված էր այդ կտորի արտադրությամբ:)
- լալ – սուտակ, պայծառ կարմիր գույն
- բադամ ֊ նուշ
- մրրիկ ֊ ուժգին՝ սրընթաց պտուտաձև քամի, պտուտահողմ:
- սովդաքյար ֊ վաճառական
- վիզը ծռել ֊ խեղճաալ
- աչքը ճամփին ֊ կարոտով ու երկար սպասել մեկի գալուն
- համրել ֊ հաշվել
- ճամփա պահել ֊ սպասել
- թառակ ֊ թաղամաս
- չքել ֊ չեղյալ համարել, չքանալ,
- ցիփ ֊ բոլորովին, ամբողջապես
- սնանկ ֊ Նյութապես անապահով, նյութական միջոցներից զուրկ, չունևոր:
- Նկարագրիր լեգենդի հերոսներին։
- Ճայ֊ Ճայը աշխատասեր է, գործունյա և պատասխանատու։ Նա ուզում էր դառնալ վաճառական, Չըղջիկի հետ միասին պարտքով գումար էր վերցրել Փշից։ Եվ առևտուրն անելուց հետո՝ ուզում էր շուտ վերդառնալ որպեսզի վերադրձնի իր պարտքը։ Նա նաև շատ անհաջողակ էր, որովհետև ջրերի մեջ կորցրեց գնած ողջ ապրանքը։ Եվ ամոթից, պատասխանատվութան բարձր զգացողությունից տուն չվերադարաձավ։ Եվ ճչում է, պտտվում ջրերի վրա այ հույսով, որ կարող է իր խորտակված ապրաքը դուրս գա ջրից։
- Փուշ֊ Փուշը հարուստ է, նա վստահել է և պարտքով գումար է տվել Ճային և Չղջիկին։ Սակայն երբ նրաք գումարը ժամանակին չեն վերադարձնում, նա վիրավորվում է, բարկանում և դառնում է փուշ և ացվորերի փեշերը միշտ քաշում է ու հարցում, թե չե՞ն տեսել արդյոք նրաք անբախտ վաճառականներին։
- Չղջիկ֊ Չղջիկը հուսով էր, որ Ճայը կվերադառնա, իրենք հաջող առևտուր կունենան և կվերադարձնեն պարտքը։ Երբ Ճայ չի վերադառնում, ա ամոթից թաքնվում է ցերեկները և միայն գիշերներն է դուրս գալիս։
- Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։
- Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
- Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։
- Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։
- լեգենդը կարելի տեսել այստեղ
