
Ասեղնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար), գործվածք և այլ նյութեր զարդարելու արհեստ՝ ասեղի, թելի և մանվածքի կիրառությամբ։
Ասեղնագործելիս օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա (հաճախ գունավոր), ինչպես նաև ուլունքներ, մարգարիտներ, փետուրներ, փայլփլուքներ, թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր, դրամներ և այլն։
Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, գլխարկները, ծածկոցները, գուլպաները, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պատկերներ ստեղծելու համար։
Վաղագույն ասեղնագործության հիմնական տեխնիկաներից կամ զարդակարերից են քարգահագործությունը, կողքակարը, շարակարը, հարթակարը և խաչկարը։ Այս տեսակներն այսօր էլ համարվում են ասեղնագործության հիմնական տեխնիկաները։
Ծագում
Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի փշեր և ձկների ոսկորներ, այնուհետև՝ փայտ, փղոսկր, մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելերով։ Ասեղնագործության մեջ բրդյա թելը օգտագործվել է Չինաստանում մ․թ․ 1200 տարի առաջ։
Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, հրեաները, պարսիկները, հույները, հռոմեացիները, իսկ առավել հայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը։ Ամենահին նմուշների մասին գաղափար են տալիս ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտակ պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները։
Կարելու, կարկատելու և գործվածքը նորոգելու գործընթացը խթանեց կարելու տեխնիկայի զարգացմանը, և դեկորացիայի զանազան տեսակները հանգեցրին ասեղնագործության արվեստին։ Ի հայտ եկան ասեղնագործության հիմնական զարդակարերը։ Դարերի ընթացքում մշակվել են ասեղնակարերի զանազան տեսակներ։
Ասեղնագործության պատմության զարգացման մեջ չկան նյութերի և տեխնիկայի փոփոխություններ, որոնք կարող են դիտվել որպես ավելի զարգացած մեթոդ նախորդ կամ հետագա ժամանակաշրջանների համեմատությամբ։ Մյուս կողմից, վաղ աշխատանքների մեջ մենք հաճախ հանդիպում ենք տեխնիկայի կատարման և արհեստավարժության բարձր չափանիշեր, որոնք հազվադեպ են պահպանվել հետագայում[2]։
