
ԿՐԱԿ ՈՒ ԿԱՅԾԱԿ
Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են, խոսել, կերել, խմել։ Չարությունը տեսնելով այդ, գալիս է աստծո մոտ, իրավունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստված քմծիծաղ տալով ասում է.
— Թե կարող ես՝ ստեղծիր։
Չարըությունը գնում է քարերի մոտ, տեսնում, որ նրանք ոսկուն են թագավոր դարձրել, ասում է.
— Կայծքարն ավելի զորավոր է և կարող է ոսկուց լավ թագավոր լինել։
Ասածը հաստատելու համար նա մի տան մեջ խոտ, փայտ ու ցան է լցնում, ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախվել։ Կայծքարն ու երկաթը բախվում են իրար, կայծեր առաջացնում։ Կայծերն ընկնում են տան մեջ լցրած չոր խոտի վրա, վառվում, կրակ ստեղծում։ Մարդիկ ու քարերը հավաքվում են կրակի շուրջը և նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ, ուտում։ Շատ են հավանում դրանց համը, սկսում են այդ կրակից տանել իրենց տները, օջախ սարքել, վրան կերակուր եփել։
Աստված զայրանում է չարի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.
— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։
Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Կայծակի հենց առաջին հարվածից զոհվում են տասը մարդ։ Չարը սարսափահար փախչում է և այլևս աստծո աչքին չի երևում։ Աստված պատժում է քարերին, զրկում նրանց շարժվելու և ուտելու ունակությունից, որովհետև մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։
Աստված նույն կերպ պատժում է նաև ծառերին, որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։
ՀՈՒՐ ԵՎ ՋՈՒՐ
Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։
Մի անգամ եղբայր-ջուրը իջնում է սարից, քույր կրակն ասում է նրան.
— Արի մի քիչ նստիր, տաքացիր։
Ջուրը պատասխանում է.— Դու էլ մի քիչ ինձնից խմիր, հովացիր։
ԲՈՒՅՍԵՐ
Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։
Վարդն ու Մանուշակը քույր ու եղբայր են եղել։ Վարդը փշերով միշտ ծակծկել է Մանուշակին։ Մայրը տեսնելով, որ քրոջ ու եղբոր կռիվները վերջ չունեն, անիծում է նրանց՝ միմյանցից կարոտ մեռնեն։ Այդ օրից Վարդն ու Մանուշակը այլևս իրար երես չեն տեսնում։
Խաղողի որթ։ Հրեշտակը հյուր է գալիս Աբրահամի1 տուն։ Տանը ուտելու բան չի լինում, Աբրահամը ստիպված մորթում է հորթը։ Երեկոյան, երբ կովը նախրից վերադառնում է, բառաչելով փնտրում է հորթին։ Ձայնն ընկնում է հրեշտակի ականջը։ Նա պատվիրում է Աբրահամին՝ բերել հորթի կաշին ու ոսկորները։ Աբրահամը բերում է, բայց հորթի ազդրոսկրը չի գտնում։ Հրեշտակն օրհնում է, հորթն իսկույն կենդանանում է և ոտի կանգնում։ Քիչ անց Աբրահամը գտնում է նաև հորթի կորած ոսկորը և բերում հրեշտակի մոտ։ Հրեշտակը պատվիրում է Աբրահամին ոսկորը թաղել այգում։ Աբրահամը այդպես էլ անում է։ Մեկ տարի անց հորթի ոսկորից բուսնում է խաղողի որթը։
Բամբակ։ Աստված մարդուն կավից է պատրաստել։ Երբ պատրաստել, վերջացրել է, ձեռները իրար է քսել, կավի մնացորդները թափվել են գետին, և դրանցից էլ գոյացել է բամբակը։
Լոշտակ2։ Մի վարդապետ Լոշտակ անունով ծառայող է ունեցել, որին շատ է տանջել։ Մի օր էլ, երբ վարդապետը քնած է լինում, Լոշտակը կանթեղից ձեթ է լցնում նրա մորուքին և կրակ է տալիս։ Վարդապետը զարհուրած՝ քնած տեղից վեր է թռչում և տեսնելով Լոշտակին, ասում.
— Գետինը մտնես։
Լոշտակն իսկույն գետինն է մտնում։ Վարդապետը զղջալով իր անեծքի զորությունից, մեղմացնում է խոսքը և ասում.
— Ամենայն հիվանդության դեղ լինես։
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։
Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
— Առողջացաք, դե վերադարձեք։
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Շուն։ Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դանից հետո աշխարհը հացով է լցվում։
Իշխան ձուկ։ Ժամանակին Ճըռան գետից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր սովորական կյանքը ու դարձել քահանա։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը այդ մարդու անունով կոչվում է Իշխան։
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։
