Արեգն Աստված կանչեց ու գնաց:
– Հե՜յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի:
Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի՜նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
– Բռնեցի՜նք, ըհը, բռնեցի՜նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա՜ց, հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
– Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է, – ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով՝ փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
– Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե՝ մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց առյուծին, խոտը վերցրեց առյուծի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:
