13.11.2020 Օրվա գործունեություն․

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ,  հայտարարում եմ ընտանեկան  ֆլեշմոբ։ <<Ընտանեկան նախագիծ․ Թթուդրիկն ու մաթեմատիկան>> նախագծի շրջանակներում ձեր ընատնիքի անդամների հետ միասին թթուդրիկ կազմակերպեք։ Բաղադրատոմսը ներկայացրեք հետաքրքիր խնդրի տեսքով։ Պատրաստեք տեսաֆիլմ  կամ ֆոտոշարք։ Արդյունքները տեղադրեք բլոգում։

Օրինակ՝ 10 լիտր տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար անհրաժեշտ է 500 գ աղ։ Որքա՞ն աղ է անհրաժեշտ ՝

ա)1 լ տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար:

բ)3 լ տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար:

գ) 5 լ տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար:

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների քննարկում։

1.Սովորողները նկարում էին Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները՝ «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և «Փեսացու մուկը»: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր «Ագռավն ու աղվեսը», մյուս կեսից հինգը՝ «Ճպուռն ու մրջյունը», իսկ մնացածի կեսը՝ «Մկների ժողովը»: Քանի՞ հոգի էր նկարում «Փեսացու մուկը»:

2.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:

3.Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:

4.Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

5. Մեկ մուտք ունեցող բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան: Ո՞ր հարկում է 49-րդ բնակարանը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է առաջին հարկից` 1 համարով:

6.Մտապահած թվի կրկնապատիկին գումարեցին 6 և ստացան 90: Ո՞ր թիվն էին մտապահել:

7.Ագարակում ձմռանը նախապատրաստվելիս ձիերի համար գնեցին 76 տուկ խոտ: Տուկերը համարակալեցին. ամեն մեկի վրա փակցրեցին համապատասխան համարը: Քանի՞ անգամ օգտագործեցին 7 թվանշանը:

8.Պարտեզապուրակային աշխատանքից հետո տղաները հոգնել էին: Նրանք դպրոցի հյուրատանը երեկոյան՝ ժամը ութին, պառկեցին՝ քնելու: Տղաներից մեկը նախապես լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ առավոտյան՝ ժամը տասին արթնանալու և գործը շարունակելու համար: Քանի՞ ժամ կհասցնեն քնել տղաները, մինչև զարթուցիչն արթնացնի նրանց:

9.Օգտագործելով թվաբանական գործողության նշանները՝ հինգ մեկերի միջոցով ստացեք 100:

10. 2020 տարեթվի գրության մեջ օգտագործվում է իրարից տարբեր երկու թվանշան՝ զրոն և երկուսը: Հաջորդը ո՞ր տարեթիվն է, որի գրության մեջ նորից օգտագործվում են միայն զրո և երկու թվանշանները:

12.11․2020

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Պատիկ

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։    
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started