«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
անտառուտ – անտառապատ տեղ
մակաղել ֊ ոչխարներին ստվերոտ տեղ հավաքել՝ հանգստի և շոգից պատսպարվելու համար։
խարտյաշ ֊ ոսկեգույն դեղին
ոսկեգեղմ ֊ Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի:
խորունկ ֊ խոր
ջինջ ֊ պարզ, մաքուր
երկայն ֊ երկար
ուշագրավ ֊ ուշադրություն գրավող,
լռիկ ֊ բոլորովին լուռ, ձայն ու ծպտուն չհանող, առանց ձայն ու ծպուտի
խորասույզ ֊ մտքերի մեջ սուզված
անդուլ ֊ դադար չունեցող, անդադար
շառաչ ֊ աղմկալից ձայն, դղրդոց, թնդյուն
ղողանջ ֊ մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն
գուրգուրել ֊ սեր և հոգատարություն ցուցաբերել, խնամել, սիրել, շոյել
շնկշնկալ ֊ մեղմ ձայն հանելով փչել (քամու՝ զեփյուռի մասին)
վճիտ ֊ պարզ, մաքուր
թախծալի ֊ շատ տխուր
անզուսպ ֊ անզսպելի, կատաղի
հողմ ֊ ուժեղ քամի
լիակուրծք ֊ կրծքի ամբողջ ուժով՝ տարողությամբ, լիաթոք
աղմկահույզ ֊ աղմուկ հարուցող, հուզմունք՝ շփոթ առաջացնող
հողմածեծ ֊ հողմից ծեծված
սարսուռ ֊ հուզմունքից առաջացող մարմնի դող, դողդողանք
թավուտ ֊ խիտ թփերով պատված տեղ, տերևախիտ
մացարուտ ֊ անտառախիտ
ոստյուն ֊ ցատկ, թռիչք, ցատկոց
2. Առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք:
հեքիաթական վերջալույս
վառվռուն սարեր
մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները
խորունկ, սև ու ջինջ աչքերով ֊
անտառներով փաթաթված սարերին
ականջները լարած ֊ մեծ ուշադրությամբ լսել
և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր
խուլ շառաչը
շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն
ղողանջուն անտառներ
անտառների ազատ երեխան է
գուրգուրող անտառներ
զանգակ աղբյուրներ
շնկշնկան հովեր
թախծալի, երազուն կարոտ…
անսանձ քամի
4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:
5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Հեղինակի ընկերը այստեղ խոսում է այն մասին, որ ինքը հասկանում էր այն, որ եղնիկը նույնպես մարդու պես կարող էր կարոտել իր ծննդավայրը;
Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Եղնիկը ուշադիր լսում էր անտառից եկող բարձր ձայները, որոնք իր համար շատ ծանոթ էին, քանի որ իր հարազատ անտառից էին գալիս։
