Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները, մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ տղամարդկանց՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու ոչխարի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։ Մուսալերցիները պաշարված են մնացել 53 օր, որից հետո իրենց օգնության են հասել ֆրանսիացիներն ու անգլիացիները և փրկել նրանց։ Մուսալերցիների մի մասը հիմնվել է Հայաստանում նոր հիմնած Մուսալեռ գյուղում։ Այստեղ ամեն տարվա սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Մուսալերցիները հարիսա են եփում ՝ ի հիշատակ իրենց հերոսական ինքնապաշտպանության։
Երեկոյան հերոսամարտին նվիրված հուշակոթողի և Մուսալեռցիների թանգարանի հարակից տարածքը լցվում է մարդկանցով՝ ահել ու ջահել, զվարթ ու հպարտ. նրանց բոլորին միավորում է ծագումն ու ընդհանուր անցյալը: Զուռնա-դհոլի ոգեղեն երաժշտության ներքո ամենից աշխույժները կոխ են բռնում, թևանցուկ շրջաններ կազմում ու գետնին դոփելով հաստատում մուսալեռցու տոկուն ու անկոտրում ոգին: Այդ միջոցին թանգարանի բակում կրակի բոցերի մեջ կամաց-կամաց սկսում է եռալ մատաղ գառան միսը` հավասար բաշխված կաթսաների մեջ՝ Մեծ Եղեռնի տարելիցի թվով: Ամեն տարի կաթսաներին ավելանում է ևս մեկը:
Հարիսան եփելու իրավունք ունեն միայն 14 մուսալեռցի ընտանիքներ, այդ իրավունքը ժառանագաբար անցնում է հորից որդուն: Մինչև արտոնված մուսալեռցիները հետևում են կաթսաներին, մյուս մասը մայրամուտի գալուն պես սկսում է վառել տոնական խարույկը: Թեժանում են ազգային պարերը: Մեծ շրջանի մեջ փոքր շրջաններ են գոյանում, թև-թևի տված պար են բռնում ընտանիքներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ:
Առավոտյան, մինչև տաք-տաք հարիսան կաթսաներից կդատարկեն ամանների մեջ, հուշակոթողի մոտ վերսկսվում են ազգային պարերը, հավաքվեց հարիսայի ախորժակ պահած ամբոխը՝ մուսալեռցիներ, հարակից գյուղերի բնակիչներ ու պարզապես հարիսայի սիրահարներ: Շրջակա տարածքում ասեղ գցելու տեղ չի լինում, երբ մարդկանց շարքերի միջով կաթսաներին մոտենում է քահանան ու օրհնում մատաղը: Միայն դրանից հետո հարիսան սկսում են բաժանել: Ափսեները ձեռքին մարդիկ տեղավորվում են մոտակայքում, և սկսվում է իսկական կերուխումը: Նեռքևում կարող եք տեսնել հետաքրքիր նկարներ տոնակատարումից։ Եվ ամենավերջում կտեղադրեմ տեսանյութ, թե ինչպես եմ ես հարիսա պատրաստում։
(նյութի և նկարների աղբյուրը՝ https://imyerevan.com/hy/society/view/4602)
